Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանահավաքի ժամանակ հայտարարել է 4-օրյա անդադար պայքարի մասին և ներկայացրել քայլերի հաջորդականությունը։
Գալստանյանը թվարկել է այն երեք քայլերը, որոնք, ըստ նրա, պետք է հանգեցնեն շարժման նպատակի իրականացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Առաջին քայլով հունիսի 11-ին՝ ժամը 18։30-ին, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով, որին, ըստ նրա, պետք է հաջորդի Ազգային ժողովի խորհրդի կողմից այդ օրակարգի հաստատումը։
«Երկրորդ քայլով՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշում, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ պատգամավորները, պարտավոր են ենթարկվել այդ պահանջին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել»,- ասել է Գալստանյանը։
Որպես երրորդ քայլ՝ նա նշել է խորհրդարանի կողմից գործող կառավարության հրաժարականի հաստատումը։ «Մեր համաժողովրդական պահանջի հիման վրա ԱԺ-ն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու որոշմանը»,- հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդը։
Ըստ նրա՝ բազմահազարանոց հանրահավաքները բավարար չեն իշխանություններին հեռացնելու համար։ «Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած՝ 4 օր, 96 ժամ, առանց դադարի, աշխատանքի գնալու, հանգստի, երկար բարակ քնելու, լինելու փողոցում մեր կամքը պարտադրել»,- ասել է Գալստանյանը։
Նա անդրադարձել է, համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ներկայացված տղամարդը ինքը՝ Գալստանյանն է։ «Այս օրերին մի տնազուրկ մարդու տեսանյութ են տարածել ծաղրելով, նվաստացնելով և այդ մարդուն ներկայացնելով որպես Բագրատ Սրբազան՝ հարբած, աստիճանների վրա գիտակցությունը կորցրած։ Այո՛, այդ մարդը ես եմ, ավելին՝ այդ մարդն այսօր խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես այդ մարդն է մատնվել թշվառության, այդպես էլ մեր ողջ ժողովուրդն է այս չարիքի կողմից մատնված նույն տիպի թշվառության, բնազրկման, տնազրկման, և մեր հրապարակում գտնվելը մեր տունը վերականգնելու համար է»,- հայտարարել է Գալստանյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Գալստանյանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։