ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Կանադայի քաղաքացիության հարցը, ում թեկնածությունը շարժումն առաջադրել է վարչապետի պաշտոնում, կլուծվի:
ՀՀ Սահմանադրությամբ՝ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն կարող երկքաղաքացիություն ունենալ։ Գալստանյանը և՛ Հայաստանի, և՛ Կանադայի քաղաքացի է։ Մայիսի 14-ին նա հայտարարել էր Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու պատրաստակամության մասին։
«Այդ հարցը կլուծվի։ Մենք շատ գործընթացների մասին չենք կարող հիմա հայտարարել։ Ընթացքում կիմանաք»,- ասել է նա։
Դանիելյանը նաև հայտնել է, որ հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ին, տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ։ Նրա խոսքով՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից քննարկման են դրվելու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցերը։
«Կարծում եմ՝ դրական եզրակացություն կլինի։ Մեր գործընկեր, հնաբնակ պատգամավորերն ասում են, որ դա ամբողջությամբ իրատեսական է»,– նշել է նա։
Պատգամավորը հայտարարել է, որ բողոքի ցույցերին մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարազատները։ Դանիելյանի խոսքով՝ հարազատներն իրեն պատմել են, որ Փաշինյանը ՔՊ-ի անդամներին «կոմպրոմատների, շանտաժի և սպառնալիքի միջոցով գերի է պահում»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ են տեղադրել Բաղրամյան Պողոտայում՝ Ազգային ժողովի հատվածում և շարունակում են այն փակ պահել։