Բաղրամյան պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանց տվյալներով՝ տուժածները հիմնականում ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Նշվում է, որ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
Իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ կտրուկ փոխվել է, երբ ցուցարարները մուտք են գործել ԱԺ-ի հարևանությամբ գտնվող այգի, բարձրացել են այգու ճաղերի վրա։ Դրանից հետո ոստիկանները կիրառել են լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ոստիկանների կիրառած հատուկ միջոցների հետևանքով քաղաքացու դաստակ է պոկվել։
«Մեկը մյուսի հետևից շտապօգնության մեքենաներ են մոտենում, տասնյակ վիրավորներ, արյունլվիկ մարդիկ կան»,- նշել է նա։
Հաղորդվում է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով վիրավորվել է ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների աշխատակիցներ։ Տուժածների թվում են նաև News.am, ABC media, Civilnet.am լրատվամիջոցների օպերատորները, լրագրող Աբրահամ Գասպարյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը։
Armenia Today-ին ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ բերման է ենթարկվել 60 քաղաքացի։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երրորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԺ շենքի մոտ հավաք էր, որին զուգահեռ Ազգային ժողովում տեղի էր ունենում ԱԺ-Կառավարության հարցուպատասխանը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից հետո շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակ պահելով Բաղրամյան պողոտան։