Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժայինների «հակազդեցությունն իրավաչափ և պրոֆեսիոնալ» է որակել։
Նրա խոսքով՝ նմանատիպ դեպքերում ոստիկանությունը նույն կերպ է գործելու:
«Ռոբերտ Քոչարյանի (ՀՀ 2-րդ նախագահ) և Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանական շղթան, որ հարձակում գործեն երկրի օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդրական ինստիտուտն ու պետականությունը»,- ԱԺ-ում հայտարարել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանը մեկնաբանել է ոստիկանների և ցուցարարների միջև բախման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով քաղաքացին վնասել է ձեռքը:
«Երեկ ինձ ցույց տվեցին նկար և փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռքը պոկվել է։ Մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա։ Քաղաքացուն վիրահատել են, նրա 3 մատները հեռացրել են, ինչի համար ցավում եմ։ Միևնույն ժամանակ՝ տեսանյութերից ակնհայտ էր, որ քաղաքացին ինքն է վերցնում ոստիկանների նետած հատուկ միջոցը (լուսաձայնային նռնակ-խմբ․), որը կյանքի համար անվտանգ է։ Այսինքն, եթե նա չվերցեր այն, ապա դա տեղի չէր ունենա»,- հայտարարել Է վարչապետը։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։