«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Երևանում հունիսի 12-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ է արել: Նա ընդգծել է երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ձգտման անհրաժեշտության մասին։ Կարապետյանը երկու կողմերին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու իշխանությանը կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա սրումից։
«Հաշվի առնելով այս օրերին Երևանում ստեղծված իրավիճակը՝ կոչ եմ անում բոլոր համապատասխան կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի»,- ընդգծել է նա:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը համոզմունք է հայտնել, որ հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել մարտահրավերը և ապահովել անվտանգություն, կայունություն երկրի բոլոր քաղաքացիների համար՝ առանց բաժանումների։
«Սա կարևորագույն առաջնահերթություն է։ Այսօր հաճախ ենք լսում «հայեր» և «արցախցիներ» հակադրությունները։ Հայ ժողովուրդը միասնական է, և մենք միասին ապրում ենք բոլոր իրադարձությունները մեր ընդհանուր հայրենիքում։ Ցանկացած բաժանում ներկա իրավիճակում վտանգավոր է»,- ասվում է նրա հայտարարության մեջ։
Կարապետյանը նաև ընդգծել է, որ եկեղեցին կարևորագույն ինստիտուտ է ազգային արժեհամակարգի և հայ ինքնության պահպանման գործում: Նա նշել է, որ դարերի ընթացքում եկեղեցու շնորհիվ պահպանվել է ժողովրդի ինքնությունն ու միասնականությունը, ֆիզիկական պահպանումը:
«Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եկեղեցու կողքին և այսօր, առավել քան երբևէ, պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ, թույլ չտանք եկեղեցու առճակատումը, բաժանումը ժողովրդից»,– եզրափակել է նա։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։