Մեր պայքարը շարունակվում է նոր եռանդով, հունիսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով ՀՀ մարզեր այցելելու և երիտասարդության հետ հանդիպելու մասին։
«Այս շարժումը բաժանում ենք երկու մասի՝ մինչև հունիսի 12-ը և դրանից հետո։ Առաջին կեսում հասել ենք լուրջ հաջողությունների, ամենամեծն այն էր, որ մեր ժողովուրդն այլևս վճռորոշ կերպով արձանագրում է՝ այսպես անպատիվ ապրել չի ուզում: Այս ողջ ժամանակահատվածում մենք օրումեջ հանդիպելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ քննարկելու նոր որակի Հայաստան, երկիր ունենալու հարցը»,- հայտարարել է նա։
Գալստանյանը հայտնել է առաջիկայում ՀՀ մարզեր այցելելու ծրագրերի մասին, որպեսզի շարժումն ընդգրկի երկրի ողջ տարածքը։
«Առաջիկա օրերին ծրագրում եմ գնալ շրջաններ, նաև այն վայրերը, որտեղ ծառայել եմ։ Օրերս մեր լրագրողներից մեկը շատ դիպուկ ասաց, որ մեր պայքարը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով, այլ պետք է ծավալվի ողջ հանրապետությունով»,- ասել է նա։
Գալստանյանի խոսքով՝ ինքը նաև մտադիր է երիտասարդության հետ հանդիպումներ կազմակերպել։
«Այս շաբաթ օրը երիտասարդների հետ մեր առաջին լուրջ մեծ հավաքն է լինելու։ Տեղի ու ժամի մասով առաջիկա օրերին կտեղեկացնեմ։ Մեր պայքարը նոր եռանդով է շարունակվում»,- ավելացրել է նա։
Գալստանյանը քննադատել է այն հասարակական գործիչներին, որոնք չեն դատապարտել հունիսի 12-ին տեղի ունեցած բախումները և նրանց անվանել է «լատենտ նիկոլականներ»։
«Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա, բայց հիմա մեզ արդյունքն է հետաքրքրում, իսկ այն կուսակցությունները, կազմակերպությունները, արվեստի գործիչներն ու ընդհանրապես բոլորը, որոնք լուռ մնացին հունիսի 12-ին, լատենտ նիկոլականներ են»,- ավելացրել է նա։
Շարժման առաջնորդը հայտնել է, որ տարբեր քաղաքական ուժերի հետ է հանդիպել։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները շարունակվելու են։
«Գործողությունները լինելու են ավելի կտրուկ, ընդարձակ, վերադասավորված։ Շարժումը կանգ չի առել»,- ընդգծել է նա և հավելել, որ այս փուլը նահանջի փուլ չէ, այլ վերակազմակերպվելու և ավելի մեծ, համաժողովրդական դարձնելու համար է։
Գալստանյանը հունիսի 12-ի գործողությունները համեմատել է մարտի 1-ի հետ և այն համարել խարան՝ այս իշխանությունների ճակատին։
«Մինչև երեկ գիշեր ոստիկանության գործողություններից վիրավորում ստացած քաղաքացիներին դատաբժիշկ չի այցելել։ Իրենք ամեն գնով փորձում են տեղի ունեցածը կոծկել։ Բայց բռնություն գործածներից բոլորի դեմքերը նույնականացված են, և մենք սկսելու ենք իրավական գործընթաց։ Հունիսի 12-ը ևս մեկ խարան է և՛ այս իշխանության, և՛ նրա ղեկավարի ճակատին»,- հայտարարել է նա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։
Մանրամասները՝ տեսանյութում։