«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մանրամասներ է հայտնել Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ի տեղի ունեցած միջադեպի մասին։
Սահմանազատման դեմ բողոքի ակցիայի վայրում ապրիլի 26-ին իրավիճակը սրվել էր այն ժամանակ, երբ ցուցարարները հրաժարվել էին թույլ տալ գյուղ ժամանած մեքենաներին անցնել ճանապարհն ու հեռանալ։ Ըստ ցուցարարների՝ մեքենաների մեջ գտնվել էին սահմանագծման շրջանակներում քարտեզագրական չափումներ իրականացնող խմբի անդամներ։ Armenia Today-ի թղթակիցը հայտնել էր, որ ոստիկանների և ցուցարարների բախման ժամանակ մեքենաներում գտնվող մարդիկ ոստիկանների ուղեկցությամբ դուրս էին եկել մեքենաներից։
Արքեպիսկոպոսը պատմել է, որ մեքենաները մգեցված ապակիներով էին, և ցուցարարները պարզապես պահանջել են, որ նրանք դուրս տան ու ցույց տան, թե ինչ են քարտեզագրել։
«Այդ օրը հերթապահում էինք ու հանկարծ իմացանք, որ ամբողջությամբ մգեցված ապակիներով, առանց պետհամարանիշների մի սև մեքենա մուտք է գործել տարածք ու փորձել է դուրս գալ ոստիկանների ուղեկցությամբ։ Գյուղացիները մեքենայի դիմացը փակել էին մեկ պահանջով՝ հասկանալու, թե ովքեր են մեքենայի մեջ։ Պահանջել են դուրս գալ, որ ցույց տան քարտեզները՝ հասկանալու, թե ինչ են սահմանագծում։ Բայց թույլ չտվեցին, ապակիներն էլ չիջեցրին։ Փոխարենը սև բերետներին բերեցին, որ ծեծուջարդ անեն, ինչը չհաջողվեց, որովհետև գյուղացիներն ինքնապաշտպանվեցին։ Բայց պարզվեց, որ այդ հրահրումների ժամանակ մգեցված ապակիներով մեքենայի մեջ գտնվող մարդկանց հետնամասով փախցրել էին։ Երբ մեքենան դատարկ էր, ժողովուրդը թույլ տվեց, որ այն դուրս գա»,- եզրափակել է արքեպիսկոպոսը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։