«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, այն ավելի ընդգրկուն ու ներառական է դառնալու, լրագրողներին հայտարարել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Երևանի Մանկական այգում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ։
Գալստանյանն ասել է, որ վերջին օրերին ավելի շատ հանդիպումներ է ունեցել, քան շարժման ողջ 45 օրվա ընթացքում, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ։ Արքեպիսկոպոսը չի հստակեցրել, թե քաղաքական գործիչներից ում հետ է հանդիպել՝ միայն հավելել է, որ նրանց թվում պետական պաշտոնյաներ չկան։
Երիտասարդների հետ հանդիպմանը Գալստանյանը նշել է, որ բողոքի շարժումը թևակոխում է հաջորդ՝ շատ կարևոր շրջան։ Նա հավաքվածներին կոչ է արել ստեղծել երիտասարդական խորհուրդ, որը, ըստ նրա, կապահովի զանգվածային համախմբում։
«Պետք է խնդրեմ, որ ձեր միջից խորհուրդ ձևավորվի, որպեսզի մենք կարողանանք է՛լ ավելի մեծ համախմբում ապահովենք։ Ձեր օրինակը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով, ձեզանից ամեն մեկին պետք է տեսնեն և ասեն՝ ուզում եմ իր նման լինել, ես մինչև այսօր այսպես չեմ ապրել, հիմա ուզում եմ իր նման ապրել, որովհետև ինքը հաղթողի հոգեբանություն ունի, ճշմարտությանը հավատացող մարդ է»,- ասել է նա։
Շարժման առաջնորդը նաև հայտնել է, որ սեպտեմբերին շարժումը «մեծ անելիքներ» է պլանավորել՝ չհստակեցնելով առաջիկա գործողությունների մանրամասները։
Հունիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պայքարի վերադասավորման փուլում է, ներքին կազմակերպչական վերադասավորումներ են տեղի ունենում։ Նա հավելել էր, որ առաջիկա ամիսներին հրապարակը չեն լքելու։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։
Մանրամասները՝ տեսանյութում։