«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է շարժման «տապալման» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և խոսել հետագա քայլերի մասին։
«Թող չխոսեն այդ մասին, եթե չի ստացվել, ինչո՞ւ են խոսում։ Իրենք գիտեն ինչն է ստացվել, ինչը՝ ոչ»,- այսպես է մեկնաբանել Գալստանյանը վարչապետի՝ հունիսի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին արված հայտարարությունը։
Շարժման առաջնորդը նաև մեջբերել է «ճտերն աշնանն են հաշվում» ասացվածքը։ Նա ընդգծել է, որ շարժումը զարգանում է տրամաբանական ճանապարհով և ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ ընդդիմադիր շարժում է։
«Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է առաջ։ Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։ Իրենց ծրագիրը Հայաստանը տապալելն է, իսկ մերը՝ դա թույլ չտալն ու նրանց հեռացնելն է»,- նշել է նա։
Գալստանյանը հայտնել է, որ հունիսի 28-ից շարժումը կսկսի այցելել Հայաստանի մարզեր։ Նա կոչ է արել շարժմանն աջակցող քաղաքական ուժերին հանձնարարել իրենց տեղական կառույցներին մասնակցել այդ հանդիպումներին։
«Մենք պետք է գյուղերով անցնենք, գրեթե ամեն տուն մտնենք»,- ասել է նա։ Գալստանյանը նաև նշել է, որ Սուրբ Աննա եկեղեցում հանդիպումները կանցկացնի երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
Հանդիպումներին, Գալստանյանի խոսքով, կքննարկվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության, արդար և անվտանգ պետության հայեցակարգի, արդյունավետ պետական համակարգի, արտաքին հարաբերությունների, գյուղական խնդիրների, սոցիալական արդարության և այլ թեմաների վերաբերյալ։
Նա չի բացառել, որ շարժումն «անհրաժեշտության դեպքում» կանցկացնի փողոցային ակցիաներ և հանրահավաքներ։
Հունիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պայքարի վերադասավորման փուլում է, ներքին կազմակերպչական վերադասավորումներ են տեղի ունենում։ Նա հավելել էր, որ առաջիկա ամիսներին հրապարակը չեն լքելու։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։