«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է շարժման առաջիկա օրերի ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ հունիսի 28-ին այցելելու են Սյունիք, հանդիպումներ են ունենալու Մեղրի, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում։
«Գիտեք, որ ամբողջ Հայաստանն է թիրախ, բայց առաջնային թիրախներից է Սյունյաց աշխարհը»,- նշել է նա։
Գալստանյանի խոսքով՝ այցելելու են նաև Սյունիքի գյուղեր։ «Մեր նպատակը կամ ծրագիրը մեր ժողովրդին ուղղակի հանդիպելը, սիրտ առ սիրտ, հոգի առ հոգի, աչք առ աչք շոշափելի կերպով հարաբերվելն ու խոսելն է»,- ասել է նա։
Շարժման առաջնորդը հայտնել է նաև հուլիսի 2-ին քաղաքական կուսակցությունների հետ հանդիպելու և քաղաքական խորհուրդ կազմելու մասին։
«Քաղաքական դաշտի բոլոր այն ուժերը, որոնք ի սկզբանե կային, հանդիպման ենք հրավիրելու որոշակի հաշվետվության նպատակով։ Հավանաբար, այդ ուժերից քաղաքական խորհուրդ կկազմվի»,- տեղեկացրել է շարժման առաջնորդը։
Նա ավելացրել է, որ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, հանդիպելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ «ուղերձով և ներկայացումներով անդրադառնալու այն բոլոր ապօրինություններին, որ գործել են Սահմանադրության հանդեպ»։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։
Հունիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պայքարի վերադասավորման փուլում է, ներքին կազմակերպչական վերադասավորումներ են տեղի ունենում։ Նա հավելել էր, որ առաջիկա ամիսներին հրապարակը չեն լքելու։
Մանրամասները՝ տեսանյութում։