«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ից նախատեսված ակտիվ գործողությունների քննարկման համար հանդիպել են քաղաքական ուժերի հետ, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին՝ փակ ֆորմատով։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքական գործիչներին խնդրել է մասնակցել Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 22-ին նախատեսված մեծ հավաքին: Նա խոստացել է այդ օրը ներկայացնել իրենց ծրագիրը, անելիքները, որ բոլորն ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, հայտնել է թերթը։
Թերթի տեղեկությամբ՝ Գալստանյանը չի մանրամասնել, թե ինչ գործողություններ են նախատեսում, անհնազանդության ակցիանե՞ր, թե՞ այլ։ Լրատվականը հավելել է, որ հավաքին մասնակցած քաղաքական գործիչների շարքերը «բավականին նոսր էին»:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։