«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, հայտնում են Սրբազան պայքարի Facebook-յան էջից։
Հանդիպումը տեղի է ունեցել Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ։
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։