Սահմանազատման հաջորդ գործընթացների շուրջ հստակեցում չկա, Եռաբլուր պանթեոնում լրագրողներին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հաջորդ էտապի վերաբերյալ դեռևս որոշում չկա, դեռ պետք է ներպետական ընթացակարգերն ավարտենք՝ կանոնակարգի հետ կապված»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ սահմանազատումն ու այն անցկացնելու շուրջ պայմանավորվածությունների նպատակն է «բոլոր խնդիրներին ֆունդամենտալ իրավական լուծում ստանալը»։
Նա նշեց, որ գործընթացն ամբողջությամբ հրապարակային է՝ թե՛ իրավական մասի, թե՛ փաստացի կատարման իմաստով։
«Եթե դուք շատ ուշադիր կարդաք ապրիլի 18-ի հայտարարությունը և ստորագրված կանոնակարգը, կզգաք կապը և կտեսնեք, որ որևէ հակասություն գործընթացում չկա»,- ասաց նա։
Նա չմեկնաբանեց Ջերմուկի հատվածից ադրբեջանական զորքերի դուրսբերման հնարավոր քննարկումները կառավարությունում։
«Ունենք հաստատված աշխատակարգ, այն ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային․ առանձին մեկնաբանություններ հիմա չեմ տալու»,- ասաց Գրիգորյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։