«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 օրով արտերկիր է մեկնել ոչ այնքան բուժման, այլ հանդիպումների նպատակով, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ նա մեկնել է Մոսկվա և հանդիպելու է ՌԴ որոշ շրջանակների հետ։
Հոկտեմբերի 30-ին «Սրբազան պայքար» շարժումը հայտարարել էր, որ Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Սեպտեմբերի 22-ի հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ից ակտիվ պայքար են սկսելու։