Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն առաջարկում են ՀՀ օրհներգից հանել վերջին քառատողը, տեղեկանում ենք ԱԺ-ում հրապարակված նախագծից։
Մասնավորապես, առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը․
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
ԱԺ նախագահն ու ՔՊ պատգամավորներն առաջարկում են օրհներգն ավարտել նախավերջին քառատողով․
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Հունվարին Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հունիսի 15-ին ԱԺ֊ում ասել էր, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ: Փաշինյանը նաև առաջարկել էր փոխել օրհներգի վերջին տողերը, «որպեսզի այն չավարտվի զոհվելու տեսարանով»:
2023-ի հուլիսի 13-ին հայտնի էր դարձել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ ՀՀ զինանշանի և օրհներգի փոփոխության վերաբերյալ քննարկում էր տեղի ունեցել։