Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչներն առգրավել են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսը, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ հեռախոսի առգրավումը բացատրվել է «առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու» անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ Աղազարյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով:
Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քյարամյանը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Աղազարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Քյարամյանն անուններ տա, ինքը մանդատը վայր կդնի։
Նոյեմբերի 19-ին մամուլը գրել էր, որ Աղազարյանը ՔՊ վարչության հորդորով վայր է դրել մանդատը, սակայն նոյեմբերի 20-ին Աղազարյանը հերքել էր լուրը։
Նոյեմբերի 21-ին Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Ըստ աղբյուրի՝ պատգամավորը նշել էր, որ միայն այն ժամանակ վայր կդնի մանդատը, երբ ՔԿ նախկին նախագահն ապացուցի, որ ինքը միջնորդել է որդու համար։