Կառավարությունը հաստատել է Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի թեկնածությունը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, իսկ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի թեկնածությունը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Որոշումները կայացվել են կառավարության նոյեմբերի 28-ի նիստում։
Հակոբյանը Ֆինանսների նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ սկսած 2013 թվականից։ Նա զբաղեցրել է Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում կրտսեր մասնագետի, ապա վարչության պետի պաշտոնը։ 2022 թվականից զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը։
Պողոսյանը 2022 թվականի սեպտեմբերի 30-ին նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ։ Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը։
Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։
Նոյեմբերի 22-ին վարչապետը մանրամասներ էր ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին: Նա հայտարարել էր, որ պաշտոնյաներին փոխարինելը միանձնյա որոշում էր, և այդ հարցը թիմակիցների հետ չի քննարկել։ Փաշինյանը տեղի ունեցած կադրային փոփոխությունները որակել էր «ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնյաների աշխատանքը: