ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հավանական թեկնածուներն են գերատեսչության առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը և ՔԿ օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգում անուններ կան, որոնցից մեկը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Գրիգորյանի անունն է. շոշափվել է նաև ՔԿ օպերատիվ վարչության պետ Մելոյանի անունը, իսկ թե ով կլինի իրականում նոր գլխավոր բանտապետը՝ իրավապահ համակարգում շունչները պահած սպասում են»,- գրել է թերթը։
Ըստ լրատվականի՝ դեկտեմբերի 5-ին ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի՝ պաշտոնից ազատվելուն աջակցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Հենց Գրիգորյանի համար Քոչարյանը դավեր նյութեց նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ ու պաշտոնանկության գործընթաց սկսեց ընդդեմ Մինասյանի»,- գրել է թերթը:
Փաշինյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել էր Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի և ԴԱՀԿ պետերին։
Վարչապետը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում քննադատել էր իրավապահ մարմինների աշխատանքը և ասել, որ իրեն չի բավարարում երկրում տիրող հանցավորության մակարդակը, իր «համբերության բաժակը լցվել է», և ինքը կկատարի համապատասխան որոշումներ։ Վարչապետի քննադատությանը հաջորդել էր նոյեմբերի 18-ին իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը։
Հրաժարական էին տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Իր պաշտոնը լքել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։ Նոյեմբերի 22-ին վարչապետը ներկայացրել էր պաշտոնյաների վերջին հրաժարականների մանրամասները և հաստատել, որ դրանք կատարվել են SMS հաղորդակցության միջոցով։ Նա կադրային փոփոխություններն անվանել էր «ոչ թե հակասական, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնաթող պաշտոնյաների աշխատանքը։