ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Աղազարյանը։
«Իմ խնդրանքով իմ պաշտպան Հակոբ Ճարոյանը, ով նաև իմ ուսանողական ընկերն է, դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը ձեռնարկի համապատասխան իրավական գործընթաց, պարզաբանելու, թե ինչպե՞ս են Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան, անձնական տվյալները»,- ասաց պատգամավորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։