Մոտ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հույսի շող կա։
«Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և կստեղծի նոր հնարավորություններ։ Թուրքիան աջակցում է այդ գործընթացին ուղղված բոլոր ջանքերին»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Անկարան «աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Թուրքիան դրական զարգացումներ է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, ինչը կհանգեցնի տարածաշրջանի շահերին համապատասխան խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նույն օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն զգալի առաջընթաց են գրանցել՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը «դարձել է վնասակար հավակնությունների պատանդ»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում հայտնել էր, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և Բաքվի հետ համաձայնագրի նախագծի նախաբանի ու 17 հոդվածներից 15-ի վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել էր նաև Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և նշել, որ Հայաստանը պատրաստ է փակել թշնամության էջը Հարավային Կովկասում։