Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին և նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում։
Նախագծի համաձայն՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի փետրվարի 20-ից, նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Գյումրու ավագանու խմբակցություններից մեկն ամբողջ կազմով մանդատները վայր է դրել։
«Քաղաքապետը, տեղակալները բոլորը հրաժարական տվեցին, և այս իրադրությունից այլ ելք, քան արտահերթ ընտրությունների գնալը, չկա, կամ եթե նույնիսկ տեսականորեն կա, դա ընդունելի չէ, որովհետև կարծում ենք, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց ավագանուն և, անուղղակի կամ ուղղակի, կախված ընտրությունների արդյունքներից, իրենց քաղաքապետին: Մենք ընդամենը իրավական ընթացակարգերն ենք ապահովում»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Գյումրիում դեկտեմբերի 11-ին նախնական քվեարկությամբ ստացած 253 ձայնով քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի անկախ թեկնածու Սարիկ Մինասյանը։
«Այս օրենքների փաթեթներով նաև հնարավորություն է ստեղծվում Գյումրի քաղաքի քաղաքապետի պարտականությունների պաշտոնակատար նշանակել վարչապետի կողմից: Վաղը ես այդ նախնական քվեարկության արդյունքներով կկատարեմ այդ նշանակումը, որովհետև դե յուրե հնարավորությունը վաղվանից է բացվում»,- հավելեց վարչապետը։
Հոկտեմբերի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել։ Սամսոնյանը Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Նա քաղաքապետ էր դարձել 2021 թվականի նոյեմբերին։ Սամսոնյանի թեկնածությունը պաշտպանել էին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:
Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ իրավապահները Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում են կայացրել։ Ըստ աղբյուրի՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։