«Սրբազան պայքար» շարժումը 2025 թվականին կշարունակի պայքարը, այս տարվա արդյունքներն ամփոփող ասուլիսում ասաց շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Միաժամանակ՝ նա չնշեց պայքարի վերսկսման օրը՝ վստահեցնելով, որ այդ մասին նախապես կտեղեկացնի։
«Մենք այլ նպատակ, այլ մեթոդ, այլ տեսիլք չունենք, քան իշխանություններին հեռացնելը և, այո՛, դա լինելու է փողոցային պայքարի միջոցով։ Ուրիշ կերպ, ուրիշ տարբերակ, ուրիշ հնարավորություն չկա։ Քաղաքական լուծում, որպես այդպիսին, կլինի դրա արդյունքում»,- պարզաբանեց շարժման առաջնորդը։
Նա հավելեց, որ ընդդիմադիր շարժումն այժմ ինտենսիվ նախապատրաստման փուլում է։ Ինչին է պատրաստվում Գալստանյանը, մանրամասներ չհրապարակեց։
«Ընդդիմադիր շարժման ձախողումների մեղքն ամբողջությամբ իմն է, և նրա հաղթանակը ժողովրդինն է»,- ասաց Գալստանյանը։
Նա ներողություն խնդրեց ժողովրդից, որ դեռ չի հաջողվել իրականացնել իշխանություններին տապալելու ծրագիրը։
«Այս անգամ սխալվելու իրավունք չունենք։ Կգա այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի։ Թույլ տվեք օտվելով առիթից՝ այս անգամ ավելի կենտրոնացած լինել ուղղակի կազմակերպչական այդ ամբողջ աշխատանքներից հետո տեղի ունեցող վերջնարդյունքի ակնկալիքին միտված գործողությունների օրվան»,- ասաց ընդդիմադիր շարժման առաջնորդը։
Գալստանյանը նշեց, որ իրենց պայքարի վերջնակետը լինելու է հաղթանակը։
Հոկտեմբերի 30-ին «Սրբազան պայքար» շարժումը հայտարարել էր, որ Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Սեպտեմբերի 22-ի հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ից ակտիվ պայքար են սկսելու։