ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանն այս պաշտոնում ցանկանում է նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։
Ըստ թերթի՝ նա չի վստահում Աբազյանին և Սիմոնյանին տևական ժամանակ տալիս է նույն հանձնարարականները, ինչ Աբազյանին՝ հաշվետվություններ պահանջելով, ստուգելով Աբազյանի «հավատարմությունը»։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենն «անվերապահորեն չի կատարում Փաշինյանի քաղաքական հանձնարարականները»։
«Աբազյանը համարվում է ռուսական ազդեցության գործիչ, ինչպես համակարգի նախորդ ղեկավարները, որոնք հիմնականում կրթություն են ստացել Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված և այն, որ Աբազյանը շարունակում է պաշտոնավարել»,- հավելել է թերթը։
Թերթը հիշեցրել է, որ Սիմոնյանը Լոռու մարզում դատավոր էր, 2021-ից տեղափոխվել է Երևան՝ ՔԿ պետի տեղակալ, իսկ հինգ օր անց՝ ԱԱԾ պետի տեղակալ։