ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և անհետ կորած զինծառայողների հարազատները պայմանավորվել են խորհրդարանական լսումներ անցկացնել, գրել է «Հրապարակ» թերթը։
Ըստ հրապարակման՝ խորհրդարանական լսումները կարող են տեղի ունենալ հունվարի 29-ին կամ 30-ին։ Հարազատները կկարողանան հարցեր ուղղել համապատասխան պետական կառույցների ղեկավարներին և ստանալ մանրամասն պատասխանները։
«Լսումներին հրավիրվելու են ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը և այլ պաշտոնյաներ։ Պատերազմից ավելի քան չորս տարի անց մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում»,- գրել է թերթը։
Անհետ կորած զինծառայողների հարազատները 2024 թվականի դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Քոչարյանի հետ։
Հարազատները նաև նշել էին, որ իրենց ակցիան որևէ քաղաքական բնույթ չի կրում։ Նրանք հայտարարել էին, որ պատրաստ են մինչև օրվա վերջ սպասել և փակ պահել պողոտան։
2024-ի օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016։