Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։
Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև Ադրբեջանի զիված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական և համարժեք դատապարտումը: Կարևորվել է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների շուտափույթ վերացումը։
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետությամ վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։