Դեկտեմբերի 15-ին Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ:
ԱԽ գրասենյակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը զրուցակցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակումը և արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա: