Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններնին։
Փաշինյանի խոսքով՝ սկզբից լավ առաջ են ընթացել այն պատճառով, քանի որ կենտրոնացել էին հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող են և այնքան մեծ չլինել։
«Բայց ինչքան ավելի շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները՝ սրանից բխող հետևանքներով»,-ասել է վարչապետը։
Նա նշել է, որ ՀՀ կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի։
«Մենք փորձում ենք ամեն ինչ անել ռեալ առաջընթաց ունենալու, ավելի ճիշտ ոչ թե առաջընթաց, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Եվ այստեղ կարևոր են ոչ միայն այն պրոցեսները, որ բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որ տեղի են ունենում հրապարակային:
«Եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի: Պրահայում մենք համաձայնվեցինք հղում անել Ալմաթիի հռչակագրին։ Դրանից հետո անհրաժեշտություն առաջացավ ավելի կոնկրետացնել պետությունների չափերը, և մենք Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 ք. կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 ք. կմ տարածքային ամբողջականությունը: Եվ այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից մինչև օրս այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել»,-շեշտել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև շեշտել է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը չափազանց կարևոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով:
Խոսելով տարածաշրջանում խաղաղության ճարտարապետության մասին ՀՀ կառավարության պատկերացման մասին ՝ նա հավելել է․ «Այդ պատկերացումն ունի երկու հիմնական կետ կամ երկու պլյուս մեկ: Առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածության իրականացում: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Երրորդը՝ խաղաղության այնպիսի պայմանագրի ստորագրում, որն իր մեջ կունենա մեխանիզմներ, որոնք ի վիճակի կլինեն իսկապես երաշխավորել խաղաղությունը»։
Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին, նա նշել է, որ հայկական կողմը չի ուզում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կապել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։
«Չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և, ըստ էության, անընդհատ այդ հարցն առաջ են բերում»-հավելել է Փաշինյանը։