ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները կապված չեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
Ճեպազրույցի ընթացքում նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխելու համար:
«Ոչ, ամենևին։ Մենք պարբերաբար ուսուցանում և համագործակցում ենք մեր գործընկերների հետ՝ պատրաստվածությունը պահպանելու համար: Մենք մշտապես կատարելագործում ենք մեր զինված ուժերի օպերատիվ համատեղելիությունը»,- ասել է նա։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ զորավարժությունները «սովորական» են։ Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները:
«Ինչպես նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն և այդ պատճառով չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները»,- հայտարարել Է Միլլերը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-20-ը կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել էին, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում, իսկ ավելի ուշ ասել էր, որ զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։
Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը Սամվել Շահրամանյանին ընտրել էր Հանրապետության նախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էին խորհրդարանական «Ազատ Հայրենիք-մարզպետական կառավարում», «Արդարություն», ՀՅԴ «Դաշնակցություն» և «Արցախի դեմոկրատական կուսակցություն» խմբակցությունները։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր պաշտոնը լքելու որոշման մասին, իսկ սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Հանրապետության Ազգային ժողով։ Հարությունյանն Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի մայիսի 21-ից։