ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որոնք խանգարում են խաղաղ կարգավորմանը։
«Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը նախկինում Ադրբեջանին հասկացրել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին և նշել, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Արցախի ԱՆ-ն հայտնել էր 128 վիրավորի (12 երեխա) և 25 զոհի մասին (2 քաղաքացիական անձ)։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման նպատակն անվանել էր ՀՀ-ին հակամարտության մեջ ներքաշելը և ընդգծել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ չէ և Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։