Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվին երաշխիքներ են պետք, որ Հայաստանն ապագայում «ռևանշիստական» գործողություններ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ և պատերազմ չի սկսի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանին պետք են երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի»,- ասել է Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց․ ձեռքբերումներ և դժվարություններ» թենայով միջազգային ֆորումի իր ելույթում։ Ալիևը հայկական կողմին խորհուրդ է տվել «մոռանալ այն, ինչ մնացել է ԼՂՀ պատմության մեջ և սկսել սահմանազատման գործընթաց»։
Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը բաղկացած է 6-7 էջից և պարունակում է «փոքր քանակությամբ հոդվածներ»։
Ադրբեջանի նախագահն հայտարարել է, որ Բաքուն հույսը դնում է Բրյուսելում կայանալիք հաջորդ եռակողմ հանդիպման արդյունավետության վրա՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Հաշվի առնելով, որ մինչ օրս մենք արդեն անցկացրել ենք 5 հանդիպում, հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքներին։ Հայաստանը, Ադրբեջանը և ԵՄ-ն պետք է համաձայնության գան հայտարարության նախագծի շուրջ. մենք պետք է լավ պատրաստվենք հանդիպմանը»,- ասել է Ալիևը։
Բրյուսելում եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի էր ունեցել 2023 թվականի հուլիսին։ Հոկտեմբերի 5-ին Միշելը հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման մասին Բրյուսելում, սակայն Ալիևը չէր հաստատել իր մասնակցությունը։
Նոյեմբերի 10-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Բրյուսելն առանձին բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ դեկտեմբերին Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորել են ռազմագերիների և անհայտ կորածների խնդիրների լուծումը
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ...