Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչև դեկտեմբերի վերջ, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք պատրաստ ենք նույնիսկ մինչև դեկտեմբերի վերջ համաձայնագիր ստորագրել, բայց եթե չի ստացվում, հնարավորինս ամենաշուտ ժամկետում»,- նշել է նա։
Գրիգորյանն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, և երկու ձևաչափերն էլ արդյունավետ միջոց կարող են լինել խնդիրների լուծման համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է լուծումներ փնտրել և ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Մեկնաբանելով դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ կողմերի մտադրության մասին՝ շարունակելու վստահության ամրապնդման նոր միջոցների քննարկումը, Գրիգորյանն ասել է, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, մասնավորապես՝ հայ բանտարկյալները մնում են Ադրբեջանում և հումանիտար այլ հարցեր, ինչպես, օրինակ, անհետ կորածների հարցը։ Նրա խոսքով՝ այս բոլոր հարցերը մնում են օրակարգում, և Հայաստանը կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ մնացած խնդիրների լուծման ուղղությամբ:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե խաղաղության պայմանագրի կնքմանը խոչընդոտ են հանդիսանում երկու երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ կողմերի պահանջները, Գրիգորյանն ասել է, որ կան այլ կետեր, որոնք դեռ վերջնական համաձայնեցված չեն։ Նա կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն կունենան լուծումներ գտնել բոլոր հարցերի համար։
Նրա խոսքով՝ հայկական կողմի վերջին արձագանքը` Բաքվի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին, որոշ հարցերի լուծումներ է պարունակում։ Գրիգորյանն ասել է, որ եթե ադրբեջանական կողմն ընդունի հարաբերությունների կարգավորման երեք հիմնական սկզբունքները, ինչպես հայտարարել է Հայաստանը, ապա խաղաղության պայմանագրի 70 տոկոսից ավելին կհամաձայնեցվի։
«Եթե արտգործնախարարները հանդիպեն, հետո առաջնորդների հանդիպում լինի կարճ ժամանակ հետո, որպեսզի վերջնականացնեն՝ կարելի է շատ կարճ ժամանակահատվածում՝ պայմանական 1 ամսում, դրանք բոլորը վերջնականացնել քաղաքական կամքի դեպքում, և ստորագրել խաղաղության պայմանագիր»,- հավելել է նա։
Երևանն ու Բաքուն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն, իր հերթին, երկու ադրբեջանցի զինվորականի։ Կողմերը նաև հաստատել են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։