Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից, Զինաթափման համաժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից: Մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նախապես համաձայնեցված սկզբունքներից հետ կանգնելով՝ Ադրբեջանը շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին»,- ընդգծել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է իրական ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և հավատի հաստատման ուղղությամբ։
Նախարարի խոսքով՝ այդ նպատակով ՀՀ-ն առաջարկել է Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրս բերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։ Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։
«Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր առաջարկները մինչ այժմ անտեսվել կամ մերժվել են Ադրբեջանի կողմից, մենք վճռական ենք շարունակելու մեր ջանքերը»,- շեշտել է Միրզոյանը։