ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել Է ՀԱՊԿ-ի պատասխանը՝ Հայաստանում կազմակերպության պատասխանատվության գոտու վերաբերյալ:
Նախարարը նշել է, որ տեղյակ չէ, թե որքանով է ՀԱՊԿ քարտուղարությունն իրավասու նման հայտարարություններ անել:
«Բայց եթե դա ՀԱՊԿ երկրների դիրքորոշումն է, ապա ամեն ինչ շատ ավելի վատ է։ Այսինքն՝ այդ կազմակերպությունն ասում է, որ չի ճանաչում Հայաստանի սահմանները, և որ իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ»,- հայտարարել է Միրզոյանը։
Բացի այդ, նախարարի խոսքով, այս հարցում նաև «տեսական զավեշտ» կա։
«Ստացվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է պաշտպանել այն սահմանները, որոնք կարող են ճանաչվել հարձակվողի և հարձակման ենթարկվածի միջև: Եթե ՀԱՊԿ անդամ պետություն չհանդիսացող պետությունը հարձակվի ՀԱՊԿ անդամ պետության վրա և պարտադրի ճանաչել ինչ-որ սահմաններ, ՀԱՊԿ-ը կարող է ընդունել այդ սահմանները»,- ասել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ երկրների միջև սահմանազատման բացակայությունը չի նշանակում, որ պետական սահման գոյություն չունի։
«Հայաստանն ու Ադրբեջանն ունեն պետական սահման, նրանք այն ճանաչել են դեռևս 1991 թվականին՝ Խորհրդային միության 11 այլ հանրապետությունների շարքում»,- հայտարարել է Միրզոյանը:
Ապրիլի 1-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտի էր անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում: Կազմակերպությունն այդ մասին հայտարարել էր ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե չստանա հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վերաբերյալ իր բարձրացրած հարցերի պատասխանները: