Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը «տիտանական» ջանքեր է գործադրում, որպեսզի ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելի Հայաստան, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Մատվիենկոն ծրագրում է Հայաստան այցելել 2025 թվականի փետրվարի կեսերին։ Հրապարակման մեջ չի նշվում այցի ստույգ ամսաթիվը։ «Հրապարակ»-ը պնդում է, որ հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանի խոսնակը հեռախոսով զրուցել էր Մատվիենկոյի հետ, «զրույցի ընթացքում ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն»։
Թերթը հիշեցրել է, որ Սիմոնյանը ժամանակին ջերմ անձնական հարաբերություններ ուներ Մատվիենկոյի հետ, սակայն ապրիլի 22-ին ԱԺ նախագահը Իսպանիայում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում ընդգծել էր, որ «համաժողովի առանցքը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հարցն է» և հավելել, որ «Հայաստանը վճռականորեն սատարում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների ամբողջականությանը»։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Մոսկվային մեղադրել էր «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու, ինչպես նաև Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի դեմ «հիբրիդային հարձակման» մեջ՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման հետ կապված։
Երկու օր անց՝ ապրիլի 24-ին, ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարը հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» հետ։
Վերջին անգամ Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվել 2015 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի այցը նախատեսված էր երկու անգամ՝ 2019 և 2020 թվականներին, սակայն այն այդպես էլ չէր կայացել։