Համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ՍԴ դիմելը հիմք չէ, որ խոշորացման գործընթացը կանգնեցվի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Նա նշեց, որ համայնքների խոշորացումը կապված է տվյալ համայնքների ընտրական գործընթացների հետ։
«Ես կարծում եմ, որ գործընթացներն իրենց բնական հունով կընթանան մինչև Սահմանադրական դատարանը կայացնի որոշում: Ամեն դեպքում՝ խոշորացման գործընթացը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել: Այդ նույն գործընթացները շարունակվում են, ուղղակի պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին՝ ամբողջ Հայաստանի խոշորացման համար»,- ընդգծեց Տիգրանյանը՝ հավելելով, որ օրենսդրական նախաձեռնության մեջ հակասահմանադրության որևէ տարր չի պարունակվում։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան համայնքների խոշորացման նախաձեռնության սահմանադրականությունը վիճարկելու համար։