2006թ․ Հայաստանում Ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժելի արարք է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու մասին ՔՊ ներկայացուցիչների հայտարարությունները։
Նա անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող գործընթացներին՝ շեշտելով, որ սահմազատումը պետք է տեղի ունենա քաղաքակիրթ ձևով և պետք է դրան նախորդի համապատասխան համաձայնագիր։
«Մենք չգիտենք, թե ինչ սկզբունքով է արվում և արդյոք սահմանազատո՞ւմ է, թե՞ ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան տալ։ Խաղաղությունը փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետև գործողություններով իրականացվում։ Մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ դեպքերում»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս գործընթացը ոչ թե խաղաղության, այլ հետագա բարդությունների է տանում։ Լուծումներից կարևորագույնը նախկին նախագահը համարում է իշխանություններին հեռացնելը, «որովհետև որևէ ունակություն, գիտելիք չունեն գոնե կառավարման ասպարեզում»։
Սարգսյանի կարծիքով` իշխանություններին չի հաջողվում հեռացնել ընդդիմադիր դաշտի ոչ միասնական լինելու, իշխանություններին արտաքին սատարման և այլ պատճառներով։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթաց, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 19-ին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպմանը։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։
Մանրամասները՝ տեսանյութում։