Ընդդիմության այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ «Դիմադրության» շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։
Նշենք, որ Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, որ Փաշինյանի փոխարեն ով էլ որ լինի, միևնույն է, այդ զիջումները փաթեթելու են իր վզին և երկիրը գնալու է նոր զիջումների։
«Հարգելի՛ պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր նաև 97-98 թթ.-ին։ Ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել»։ Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն 20 տարի եղավ ուրիշ իշխանություն, մենք չզիջելով՝ զարգացանք։ Բայց, երբ որ 2018-ին իշխանության եկան քո հոգեզավակները, Արցախի 72 %-ը տվեցին։ Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որ կարողանանք փրկել։ Հետևաբար, որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը մեր վզին որևէ բան չեք կարող փաթաթել»,-հայտարարել է նա։
Անդրադառնալով վարչապետի հետ մեկ սաղանի շուրջ նստելու Տեր-Պետրոսյանի առաջարկին, Սաղաթելայնը նշեց. «Պարո՛ն Տեր-Պետրոսյան, «ազգակործան պատուհասի» հետ մենք սեղան նստելու հարց չունենք։ Մենք իր հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում հեռացում»,-հայտարարեց նա։