Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կողմնորոշվել է Ներքին գործերի նախարարի թեկնածուի հարցում։ Պաշտոնում կնշանակվի ոստիկանության ներկայիս պետ Վահե Ղազարյանը, Ղազարյանի ներկայիս տեղակալներից մեկը կնշանակվի ոստիկանապետ, գրում է «Հրապարակ»-ը։
«Ղազարյանն արդարացրել է Փաշինյանի բոլոր հույսերը, բացի այդ, նա ունի ամենացածր հակառեյտինգը՝ ի տարբերություն Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի և Հակոբ Սիմիդյանի, որոնք նույնպես հավակնում են ՆԳՆ ղեկավարի պաշտոնին»,- գրում է թերթը։
Նշվում է, որ մի քանի օր առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, որում որոշվել է մինչև հաջորդ տարվա սկիզբ ավարտել ՆԳՆ ձևավորման գործընթացը։
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կձևավորվի ԱԻՆ կառուցվածքային մոդելով՝ ԱԻՆ կառուցվածքային ստորաբաժանումների և ոստիկանության միավորման հիման վրա։