Հուլիսի 9-ին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տնտեսական շինարարական նախագծերի իրականացման գործում: Այս մասին փոխանցում է Regnum.ru գործակալությունը։
Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի տնտեսական հարցերով տեղակալ Ալի Ջահանգիրին Բաքու կատարած եռօրյա այցի արդյունքներով լրագրողներին պատմել է, որ արդյունաբերական և շինարարական նյութերի արտադրությամբ զբաղվող իրանական ընկերությունները պատրաստ են համագործակցել Բաքվի հետ՝ ներգրավվելով 44-օրյա պատերազմի արդյունքում վերջինիս վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող շինարարական նախագծերում:
«Մեծածավալ բեռների փոխադրման արժեքը կարեւոր հարց է, ուստի, Արևելյան Ատրպատականի նահանգը, հատկապես Թավրիզը (նահանգի մայրաքաղաքը), լավագույն վայրն է Ադրբեջանի Հանրապետություն ապրանքների առաքման համար»,- հայտնել Է նահանգի ներկայացուցիչը՝ նշելով, որ արտասահմանյան ընկերությունները ևս կարող են իրենց անհրաժեշտ ապրանքների մի մասը գնել այդ նահանգից: