Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսն ասել է, որ Սաակաշվիլիի նոր սիրուհու առկայությունն անակնկալ էր իր համար։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» նախագահամետ խմբակցության պատգամավոր Ելիզավետա Յասկոն հրապարակել էր Սաակաշվիլիի Վրաստան մեկնելուց առաջ ձայնագրված տեսանյութ, որում նա ընդունում է, որ իրենք հարաբերություններ ունեն:
«Շատ շփոթված ընկերներ և բարեկամներ ինձ հարցնում են իմ անձնական կյանքի մասին: Չեմ թաքցնի ձեզանից, որ ուրբաթ երեկոյան արված տեսանյութի բովանդակությունն ինձ համար անսպասելի էր, իսկ ձևը՝ բոլորովին անընդունելի: Չնայած իմ անձնական հույզերին՝ ես մնում եմ հանգիստ և հավատում եմ, որ մենք հաղթական դուրս կգանք այս ճակատամարտից»,- գրել է Ռուլովսը Facebook-ի իր էջում:
Նա ավելացրել է, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, և որպես Վրաստանի քաղաքացի՝ ինքը լիովին պաշտպանում է նրան ազատ արձակելու պահանջը:
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Մինչ այդ, նախկին նախագահը հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վրաստանում մի քանի քրեական գործերով նրա նկատմամբ ներքին հետախուզում է հայտարարվել: Նախկին նախագահը այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում:
Սաակաշվիլին հեռակա դատապարտվել է Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: