Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բողոք է հղել միջազգային հանրությանը, որ իր գործերով դատական լսումներ չեն նշանակվել:
«Ինձ ձերբակալեցին և բանտարկեցին հոկտեմբերի 1-ին: Ձերբակալությունը հիմնված էր դատարանի երկու վճիռների վրա, որոնք աշխարհում ոչ ոք չի ճանաչում»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Նրա խոսքով՝ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ ընթացիկ գործի հիման վրա կալանավորված ցանկացած անձ անհապաղ կանգնում է դատարանի առաջ, իսկ իրեն արդեն 9 օր պահում են առանց դատական լսումների:
«Ակնհայտ փորձ է արվում կանխել հանրային ներկայությունը ընտրությունների երկրորդ փուլից առաջ»,- ասված է նախկին նախագահի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ նախկին նախագահը բերման է ենթարկվել հոկտեմբերի 1-ին, այժմ նա գտնվում է Ռուսթավիի բանտում: Վրաստանում նա հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով, իսկ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար` վեց տարով:
Սաակաշվիլին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ կվերադառնա Վրաստան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, և դա իսկապես արեց: Ընտրությունները տեղի ունեցան հոկտեմբերի 2-ին, որի արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացավ ձայների 46,5 տոկոսը, Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»՝ 30,7 տոկոսը, իսկ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,79 տոկոսը: Երկրորդ փուլը նախատեսված է հոկտեմբերի 30-ին: