Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ երկու երկրները պետք է հաղթահարեն հարաբերությունների թյուրըմբռնումները և դրանք շարունակեն ճիշտ ուղղությամբ: Ընդգծելով երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանն ու Բաքուն երկարամյա հարաբերություններ ունեն:
«Երկու երկրները չպետք է թույլ տան թյուրիմացություններ հարաբերություններում, դրանք պետք է շարունակվեն ճիշտ և արագ զարգացող ուղղությամբ»,- ասաց նա:
Աբդոլլահիանը նաև հույս է հայտնել, որ տարանցման խնդիրները կլուծվեն մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանով իրանական ապրանքների տարանցման հարցը դարձել է Բաքվի և Թեհրանի հարաբերությունների լարվածության հիմնական պատճառներից մեկը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու իրանական բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ, քանի որ այդ գործողությունները խախտում են հանրապետության օրենսդրությունը: Նրա խոսքով՝ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ն Իրանից մոտ 60 բեռնատար է մտել այս տարածք, և ադրբեջանական կողմն այս առնչությամբ բազմիցս դժգոհություն է հայտնել Թեհրանին:
Իրանից Հայաստան և այլ երկրներ բեռնափոխադրումները նույնպես ավելի են բարդացել. Իրանական բեռնատարների հիմնական ուղին մնում է Գորիս-Կապան մայրուղին: Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են մաքսային հսկողություն և գանձում մաքսային և ճանապարհային վճարները ճանապարհի այս հատվածը հատող իրանցի վարորդներից: