Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու և երկար սպասված հարաբերությունների կարգավորմանը հասնելու մթնոլորտն ավելի բարենպաստ է, քան երբևէ:
Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանի (Կովսականի) շրջանի Աղալի գյուղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի համար ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, եթե Հայաստանն անկեղծ կամք ցուցաբերի Ադրբեջանի հետ հարաբերություններում, ոչ մի խոչընդոտ չի լինի նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար:
«Միանգամայն անհրաժեշտ է, որ սահմանները որոշվեն և փոխադարձաբար ճանաչվեն։ Այդ ըմբռնումը բարիդրացիական հարաբերությունների հիմքն է կազմում», – ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ «կգա մի օր, երբ մենք կկարողանանք դուրս գալ Զանգեզուրից և մեկնել Ստամբուլ, իսկ տարածաշրջանի՝ որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոնի դիրքերը կամրապնդվեն»: