«Պատմությունը, ինչպես գիտեք, չի սիրում եթե-ներ և մեզ սովորեցնում է գործել փաստերով»։
Այս մասին դեկտեմբերի 13-ին մեկնարկած «Նոր սերունդ 2021» հոբելյանական համաժողովի շրջանակներում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով երիտասարդների այն հարցերին, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե 5-ամյա ժամկետի ավարտից հետո Ադրբեջանը պահանջի ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
«ես չէի ցանկանա այդքան էական հարցի շուրջ տրվել երկար և հիպոթետիկ մտորումների։ Այսօր մեր նպատակն է կենտրոնանալ հիմնական խնդիրների լուծման վրա: Դրանք են՝ խաղաղ բնակիչների և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովումը, ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիությունը և բնականոն կյանքի հաստատումը։ Կարևոր է, որ մարդիկ իրենց հանգիստ և ապահով զգան։ Ակնհայտ է, որ հենց այս խնդիրների լույսի ներքո ապագայում կլուծվի խաղաղապահների հարցը, ընդ որում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ներգրավված բոլոր մասնակիցների կողմից:
Խաղաղապահ առաքելության ջանքերի գործնական արդյունքները մենք կարող ենք տեսնել արդեն այսօր։ Շարունակվում են ականազերծման աշխատանքները, արդեն հայտնաբերվել է մոտ 26 հազար պայթուցիկ օբյեկտ, մաքրվել է մոտ 2,3 հազար հեկտար տարածք, ստուգվել է մոտ 2 հազար շինություն և 680 կմ ճանապարհային ցանց։ Մեծ աշխատանք է կատարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ինչի համար ՌԴ ԱԻՆ-ի և Ռուսական խաղաղապահ զորքերի համատեղ ուժերով մատակարարվել է մոտ 1,5 հազար տոննա մարդասիրական բեռ և 800 տոննա շինանյութ։ Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել տեղի բնակիչներին ջրով, էլեկտրաէներգիայով և կապով ապահովելու խնդիրները լուծելու համար։ Խաղաղապահներն իրենց վրա են վերցրել բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու գործը և մինչ օրս աջակցում են բարեգործական կազմակերպությունների պատրաստած մարդասիրական օգնության տեղափոխմանը: Հասցեավորված բաշխվել է ավելի քան 230 տոննա օգնություն։ Ղարաբաղ է վերադարձել շուրջ 53 հազար փախստական: Ի լրումն վերոնշյալ խնդիրների՝ մեր խաղաղապահների գլխավոր նպատակն է ապահովել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։
Այսօր կարելի է ասել, որ կյանքն աստիճանաբար բարելավվում է»,- հայտարարել է դեսպանը։
Նա նշել է, որ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս, որպեսզի եղբայրական Հայաստանի քաղաքացիները որքան հնարավոր է շուտ հաղթահարեն պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, վստահություն ձեռք բերեն վաղվա օրվա նկատմամբ: Հավատարիմ լինելով իր դաշնակցային պարտավորություններին՝ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում ինչպես խաղաղապահ զորակազմի գործողության գոտում կայունության ապահովման և խաղաղ կյանքի վերականգնման, այնպես էլ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար, ընդգծել Է Սերգեյ Կոպիրկինը։