Թուրքիայում հետաքննություն են սկսել սոցցանցերում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ վիրավորական որակվող հաղորդագրությունների տարածման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին, Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, որոնք վիրավորական հաղորդագրություններ են տեղադրել ի պատասխան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե նա վարակվել է օմիկրոն շտամով:
Նշվում է, որ այս պահին արդեն ձերբակալվել է առնվազն մեկ կասկածյալ: Նա մեղադրվում է վիրավորական բովանդակություն տեղադրելու մեջ, որը, ըստ Թուրքիայի օրենսդրության, բավարար է հանցակազմի համար: Թուրքիայում ներկայումս գործում է նախագահին վիրավորելու մասին օրենքը, որով մարդուն կարող են քրեական պատասխանատվության ենթարկել մեկից մինչև չորս տարվա ազատազրկման ձևով: Նախօրեին Էրդողանն իր սոցիալական ցանցերում հայտնել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են օմիկրոնով: