ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանում Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական հուշարձանների «աղվանացման» հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը:
«Պատմամշակութային ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Բաքվի և Երեւանի հետ մեր շփումներում։ Մենք, իհարկե, հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվում շարունակել փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցի շուրջ իրական առաջընթացի հասնելու համար, այդ թվում՝ պատմական և մշակութային օբյեկտների պաշտպանությունը:
Օրերս Ադրբեջանի իշխանությունները, ի դեմս այդ երկրի մշակույթի նախարարի, հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես էր եկել հայտարարությամբ։
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտով փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: