ԵԱՏՄ-ի հետ Ադրբեջանի երկխոսության զարգացումն օգտակար կլիներ տարածաշրջանի բոլոր պետությունների համար, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:
Ավելի վաղ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող էր դիտորդ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միությունում:
«Եվրասիական տնտեսական միությունը բաց է այն պետությունների համար, որոնք հետաքրքրություն են հայտնում նրա հետ փոխգործակցության հարցում։ Մենք, անշուշտ, ողջունում ենք ԱՊՀ մասնակից պետությունների՝ ավելի խոր ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված լինելու ցանկությունը»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ անցած տարվա դեկտեմբերին Բաքվում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի հարթակում Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ տեղի ունեցած փորձագիտական քննարկումների ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերվել այդ թեմայի նկատմամբ:
«Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ի հետ Բաքվի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստեր առևտրի ակտիվացմանը, տրանսպորտային- լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը և ընդհանուր առմամբ օգտակար կլիներ տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել է Եվդոկիմովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Միության հետ փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվում է անդամ բոլոր պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի վերլուծության արդյունքներով: