Փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։
Մտքեր են փոխանակվել հայկական և թուրքական կողմերի միջև մոսկովյան պայմանավորվածությունների (ս. թ. հունվարի 14) իրականացման, ինչպես նաև ս. թ. փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման կապակցությամբ հետագա քայլերի վերաբերյալ։
Ռուսական կողմից հաստատվել է Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության և կայուն զարգացման:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականը՝ ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում: