Թուրքիայի ռազմաօդային ուժերի A400M տիպի երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, որոնք փետրվարի 24-ի երեկոյան մարդասիրական նպատակներով մեկնել էին Ուկրաինա, դեռևս գտնվում են «Բորիսպոլ» օդանավակայանում և չեն կարող վերադառնալ Թուրքիա՝ Ուկրաինայի օդային տարածքը փակելու պատճառով:
Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ ինքնաթիռներով նախատեսվում էր թուրք քաղաքացիների մի մասը դուրս բերել Ուկրաինայից։ «Մենք քննարկում ենք այդ ինքնաթիռների անվտանգ վերադարձի հարցը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ Կվերադարձնենք ինքնաթիռները, հենց որ հայտարարվի հրադադարի մասին», – ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Նա նշել է, որ ինքնաթիռների անձնակազմը գտնվում է Կիևում Թուրքիայի դեսպանատանը:
Մեկնաբանելով ռուս և ուկրաինացի գործընկերների հետ հեռախոսազրույցի արդյունքները՝ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան իր բոլոր գործողություններում հանդես է գալիս Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և երկխոսության օգտին:
«Մենք ընդգծում ենք ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման և հումանիտար ճգնաժամի դադարեցման կարևորությունը։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հայտարարել կրակի դադարեցման մասին։ Այս ուղղությամբ դրական տեղաշարժեր ենք ակնկալում։ Սերգեյ Շոյգուի և Օլեքսեյ Ռեզնիկովի հետ շփումները կշարունակվեն ըստ անհրաժեշտության», – ասել է Աքարը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան Սև ծովում ամենաերկար ջրափնյա գիծ ունեցող երկիրն է։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին իրենց նեղուցներով ռազմանավերի անցումը թույլ չտալու մասին: