2022 թվականի փետրվարին Վրաստան է այցելել 17366 հայաստանցի։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության նոր տվյալները։
Գործակալությունում նշել են, որ 2021 թվականի փետրվարի համեմատ Հայաստանից այցելությունների աճը կազմել է 200,2 տոկոս: Այդ ցուցանիշով Հայաստանի քաղաքացիները Թուրքիայի (29606 մարդ, 85.2 տոկոս աճ) և Ռուսաստանի (20087 մարդ, 613,7 տոկոս աճ) քաղաքացիներից հետո երրորդն են:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարին Վրաստան է այցելել 165,6 հազար միջազգային այցելու, ինչը 293,6 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդհանուր այցելությունների մեծ մասը՝ 137,2 հազար, եղել են տուրիստական. 2021 թվականի փետրվարի համեմատ աճը 282 տոկոս է, սակայն մինչհամաճարակային մակարդակին հասնել դեռ չի ստացվում, դա 2019 թվականի փետրվարին Վրաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թվի ընդամենը 55,4 տոկոսն է: